ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Առանց թերթի ինձ «կիսատ» եմ զգում

Առանց թերթի ինձ «կիսատ» եմ զգում
16.07.2013 | 00:55

Ճեպազրույցի ժանրը ամենից շատ եմ գործածում, դրա համար ինքս էլ «կտեղավորվեմ» դրանում:

-Ինչո՞ւ լրագրություն:
-Նախապես ոչինչ որոշված չէր: Մայրս շատ էր ցանկանում, որ բժիշկ դառնայի, սակայն հետագայում համոզվեց, որ բժշկությունն ու ես «անհամատեղելի» ենք: Ահավոր վախկոտ եմ: Տատանվում էի` իրավաբանությո՞ւն, թե՞ բանասիրություն: Ընտրեցի, երևի թե, երկուսի միջինը` լրագրություն: Հեռուստաէկրանը ինձ մշտապես հետաքրքիր ու խորհրդավոր աշխարհ է թվացել: Բայց ուսանողական տարիներին համոզվեցի, որ ես ավելի, այսպես ասած, «թերթային» մարդ եմ: Հիմա առավել քան համոզված եմ, որ իսկապես թերթն է «իմը»:
-Ինչպե՞ս հանդիպեցիր «Իրատես de facto»-ին:
-Իմ մուտքը Հրանտ Խաչատրյանի «Իրավունք», որը հիմքում արդեն երևի թե ուներ «Իրատեսը», խառը ժամանակներով սկսվեց: Իմ մուտքից քիչ ժամանակ անց ծնվեց մեր լուսավոր թերթը` «Իրատես de facto»-ն:
-Ի՞նչ դեր ունի թերթը քո կյանքում:
-Առանց թերթի ինձ «կիսատ» եմ զգում, իմ յուրաքանչյուր հոդված ինձ համար շատ թանկ է: Երբ դժգոհ եմ լինում նյութից, կարծես ողջ օրը տապալված լինի: Չեմ կարող այստեղ չհիշատակել այն մեծ թիմին, որն իսկապես օգնում է, որ լավ հոդվածներ լինեն թերթում: Խմբագիր Փիրուզա, փոխխմբագիր, իմ նյութերից հաճախ «գլուխ հանող» Լիլի, սրբագրիչներ Մարգարիտ, Հրանտ, մուտքագրողներ Գոհար, Հասմիկ, էջադրողներ Համլետ, Արտաշես: Մյուսները թող ներեն, որ չնշեցի իրենց անունները: Աշխատանքային մթնոլորտն ինձ համար շատ կարևոր հանգամանք է: Ազատության այն չափը, որն ունեմ մեր թերթում, անփոխարինելի է: «Իրատեսում» զուտ աշխատանք չեմ անում, թերթի հետ կապված ամեն ինչ ինձ շատ հոգեհարազատ է: Իզուր չէ, որ հաճախ ասում եմ` սա իմ երկրորդ տունն է: Գիտե՞ք, «Իրատեսի» խմբագրակազմում ես ամենափոքրն եմ ու հրաշալի է, որ բոլորից սովորելու բան ունեմ:
- Ի՞նչ ակնկալիքներ ունես այսօրվա մամուլից:
-Մենք ապրում ենք հիմնախնդիրներով «խեղդված» երկրում, այսպես թե այնպես մամուլը պետք է ողողված լինի հասարակությանը հուզող խնդիրները բարձրաձայնող հոդվածներով: Տեխնիկական միջոցների այս դարում անգամ ամենահեռավոր գյուղում կատարված որևէ դեպք արագ արձագանք է գտնում մամուլում: Երբեմն տեղեկատվության այդ «մրցավազքի» մեջ տուժում է նյութերի իրական ասելիքը, բաց են մնում շատ կարևոր հարցեր: Անդրադառնալով քաղաքական հոդվածներին, հավանաբար, գործընկերներս ևս ինձ հետ կհամաձայնեն, որ քաղաքականության մեջ նույն դեմքերից ոչ միայն լրագրողներն են հոգնել, այլև հասարակությունը: Ցավոք, նոր, բայց ոչ կարիերիստ ու հայտնի «մեթոդներով» անվերջ վերև բարձրանալ ձգտող, երիտասարդ գործիչներ շատ քիչ կան, որոնցից կարելի է ծանրակշիռ խոսք լսել: Այս պարագայում լրագրողները մշտապես փաստի առաջ են կանգնում հերթական նյութը պատրաստելիս. կամ խոսել նույն անձանց հետ, կամ տապալել հոդվածը:
-Որքանո՞վ են այսօր ԶԼՄ-ները, որպես չորրորդ իշխանություն, իրենց առաքելությունն իրականացնում:
-Շատ հաճախ կարելի է նկատել, որ այս կամ այն հոդվածը «դարձի է բերել» իշխանությանը, ասել է` որոշումների վրա ինչ-որ կերպ ազդել է: Սակայն, ցավոք, դա դեռ քիչ տոկոս է կազմում: Չնայած այս հանգամանքին, իշխանության բոլոր թևերն իրենց թիկունքում մշտապես զգում են լրատվամիջոցների «շունչը», քանի որ չորրորդ իշխանության «ամենատես» աչքից այսօր ոչ մի բան չի վրիպում, ու համացանցի շնորհիվ րոպեներ անց դա դառնում է հանրության սեփականությունը: Այնպես որ, պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք ավելի զգուշավոր են դարձել: Եթե մամուլում արծարծված հարցերին էլ ժամանակին ընթացք տրվի և իշխանություն ունեցող անձինք հետամուտ լինեն, մամուլն իր առաքելությունն այդ մասով կատարած կհամարի:
-Հինգ տարի հետ հայաստանյան մամուլն ինչպիսի՞ն կլինի:
-Նախ` կտոնենք մեր «Իրատես de facto»-ի տասնամյակը: Հուսով եմ` էլի նույն կազմով: Իսկ եթե «Իրատեսը» կա, մեր կազմն էլ առողջ ու անվնաս կա, պարզ է, որ հաստատ լավ է լինելու: Կարծում եմ` հինգ տարին այնքան էլ մեծ ժամանակաշրջան չէ արմատական տեղաշարժերի համար: Մենք շատ փոքր ազգ ենք ու եթե մի ոլորտում խնդիրներ ունենք, մյուսում հաստատ դրա հետևանքները զգացվելու են: Ասել կուզի, եթե երկրում դեռևս խնդրահարույց ոլորտներ կան, բնականաբար, մամուլը չի կարող դրանից անմասն մնալ: Կցանկանայի, չնայած համոզված եմ, որ ասածս իրատեսական չէ, բայց, այսպես կոչված, «պատվիրված» հոդվածներ քիչ լինեն հայկական մամուլում:
-Անցած հնգամյակը, որպես լրագրողի, ի՞նչ տվեց քեզ։
-«Իրատեսում» ամենաթանկը մարդկային հարաբերություններն են։ Այստեղ ոչ միայն լրագրողի մասնագիտական նրբությունները հասկացա, այլև որպես լրագրող «կոփվեցի» (հիմա էլ դեռ այդ ճանապարհին եմ)։ Հասկացա, որ յուրաքանչյուր բառիս համար ինքս եմ պատասխանատու և, ամենակարևորը (խմբագիրներիս ականջը կանչի)` պետք է միշտ ու հավերժ գրել գրագետ ու «հաջողված» նյութեր։ Իհարկե, չեմ կարող գլուխ գովել, թե բոլոր հոդվածներս են «հաջողված», բայց շնորհակալ եմ բոլորին, ովքեր այդ ճանապարհին ինձ սրտացավորեն օգնում են։

Ինքնահարցազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ